«Զանգեզուրի միջանցքը» ՆԱՏՕ-ի համար ցատկահարթակ կդառնա տարածաշրջանում, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպումների ժամանակ։
«Երկու հանդիպումներում նախագահն ասել է, որ Զանգեզուրի միջանցքը կդառնա ցատկահարթակ ՆԱՏՕ-ի համար, սպառնալիք երկրների ազգային անվտանգությանը, և, հետևաբար, Իրանը վճռականորեն դեմ է դրան»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդին:
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Գրիգորյանն ու Ռաիսին քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի, իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով:
Հոկտեմբերի 2-ին Գրիգորյանը տարածաշրջանում անվտանգության իրավիճակը քննարկել էր նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Թեհրանում կայացած հանդիպմանը կողմերն ընդգծել են տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունն ու կարևորությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







