Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
«Համաձայնագրով սահմանված համագործակցության ոլորտներն են՝ ռազմական կրթություն, վարժանքներ և ուսուցում, պաշտպանական և անվտանգության քաղաքականություն, համագործակցություն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով, ռազմական օրենսդրություն, ռազմական տեղագրություն, ռազմական բժշկություն, պաշտպանական կիբերանվտանգություն, սոցիալական, սպորտային և մշակութային միջոցառումներ»,- ասված է հայտարարության մեջ։
Համաձայնագիրը նախատեսում է կողմերի միջև համագործակցություն այնպիսի ձևաչափերով, ինչպիսիք են պաշտոնական այցերը և աշխատանքային հանդիպումները, երկկողմ բանակցությունները, խորհրդակցությունները և փորձի փոխանակումը, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակումը, մասնակցությունը համաժողովներին և սեմինարներին:
Ադրբեջանի և Վրաստանի միջև համաձայնագիրն ստորագրվել էր ապրիլի 24-ին՝ Բաքվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







