ԱՄՆ Պետդեպարտամենտը բարձրացրել է դեպի Ադրբեջան և Թուրքմենստան ուղևորությունների ռիսկը ամերիկացիների համար մինչև երրորդ մակարդակի, որի դեպքում պետք է հրաժարվել նման ուղևորություններից՝ առանց հատուկ անհրաժեշտության: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է գերատեսչության մամուլի ծառայության կողմից տարածված փաստաթղթերում:
«Ադրբեջան — Մակարդակ 3. Վերանայել ճանապարհորդությունները: Վերանայել դեպի Ադրբեջան ուղևորությունը՝ COVID-19- ի բռնկման և Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկված պատասխան միջոցների պատճառով»,-մեջբերում է գործակալությունը փաստաթղթերից մեկը:
Փաստաթղթում նշվում է, որ վիրուսային վարակի հիմնական սպառնալիքը գալիս է Իրանին սահմանակից տարածքներից: Բացի այդ, «Ադրբեջանում բժշկական ծառայությունը չի համապատասխանում ԱՄՆ չափանիշներին, իսկ հիմնական բժշկական պարագաները կարող են անհասանելի լինել որոշ շրջաններում»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է իննի: Նրանք բոլորը եկել են Իրանից: Ավելի քան 500 մարդ կարանտինի մեջ է գտնվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







