Թուրքիան մտադիր է նոր անդրսահմանային գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ իր հարավային սահմաններում անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում։
«Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի մեր զինված ուժերը ներառվեն աշխարհի ամենաժամանակակից բանակների շարքում։ Մենք քանդեցինք ահաբեկչության միջանցքը, որը փորձում էին ձևավորել մեր հարավային սահմաններում։ », - ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան նախկինում Սիրիայում իրականացրել է «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր» գործողությունները։
Ելույթի ընթացքում Էրդողանը կրկին հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ նրանք աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, որը Անկարայի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:
Թուրքիան 2017 թվականից Սիրիայի հյուսիսային շրջաններում երեք գործողություն է իրականացրել։ Արդյունքում Հալեպից հյուսիս Աազազ և Ջերաբլուս քաղաքների միջև անվտանգության բուֆերային գոտի է ստեղծվել, օկուպացվել է Աֆրինը, վերահսկողության տակ են վերցվել Եփրատ գետից արևելք ընկած սահմանային շրջանները:
Մայիսի 23-ին Էրդողանը հայտնել էր Սիրիայի հյուսիսում Մանբիջի և Թել Ռիֆաթի շրջաններում նոր ռազմական գործողության նախապատրաստման մասին՝ նպատակ ունենալով ընդլայնել անվտանգության 30-կիլոմետրանոց գոտին, որը ստեղծվել է 2019 թվականի հոկտեմբերին «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո: Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունը կարող է սկսվել մոտ ժամանակներս, դրանում նախատեսվում է գործի դնել շուրջ 50 հազար թուրք զինծառայողների և սիրիական զինված ընդդիմության գրոհայինների, որոնք աջակցում են Անկարային:






































