Ստամբուլի Գազիօսմանփաշա թաղամասում գտնվող Երիտասարդական հիմնադրամի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, տեղում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկի բեկորներ։ Այս մասին ասվում է Ստամբուլի նահանգապետի գրասենյակի հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն։
«Թուրքիայի երիտասարդական հիմնադրամի՝ Հյուրրիյեթ Մահալլեսի փողոցի Գազիօսմանփաշա թաղամասի մասնաճյուղի դիմաց պայթյունի մասին հաղորդագրությունը ստացվել է այսօր մոտավորապես ժամը 06:00-ին։
Մեր ուղարկված անվտանգության ծառայության առաջին հայտարարությունների համաձայն՝ շենքում ապակիներ են կոտրվել, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրի զննությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքերի բեկորներ են հայտնաբերվել։ Փաստի առթիվ հարուցվել է դատավարական-վարչական քննություն»,- ասված է հաղորդագրությունում։
Մինչդեռ Star թերթը հայտնում է, որ հսկողության տեսախցիկներն ուսումնասիրելուց հետո իրավապահները պարզել են, որ անհայտ կինը վաղ առավոտյան եկել է Երիտասարդական հիմնադրամի շենքի մուտքի մոտ և ինքնաշեն պայթուցիկներ թողել։ Ոստիկանությունը գործողություններ է սկսել կասկածյալին ձերբակալելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







