Տարածաշրջանային «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը որոշվել է անցկացնել Թուրքիայում, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այլ տարածաշրջաններում որոշակի խնդիրների հետ կապված մենք սպասում ենք դիվանագիտական խողովակներով լրացուցիչ առաջարկների այն մասին, թե ինչպես կարող է ընթանալ մեր հաջորդ հանդիպումը «3+3» ձևաչափով։ Որոշվել է հերթական հանդիպումն անցկացնել Թուրքիայում, սակայն այն անհրաժեշտ է ճշտել դիվանագիտական խողովակներով», — Հաջիևի խոսքերն են մեջբերում ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Հանդիպմանը մասնակցում էին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ փոխարտգործնախարարների գլխավորությամբ։ Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Վրաստանը չի ներկայանա հանդիպմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







