Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային` խնդրելով բացել օդային տարածքն իրենց քաղաքացիներին տարհանելու համար:
Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք այժմ բանակցություններ ենք վարում ավտոբուսային փոխադրումների ընկերությունների հետ: Սակայն Թուրքիա վերադառնալ ցանկացողների թիվը շատ մեծ է: Մենք դիմել ենք Ռուսաստանին և Ոկրաինային` խնդրելով բացել օդային միջանցքը։ Մենք պատրաստ ենք նաև ծովային ճանապարհով տարհանել մեր քաղաքացիներին»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է սերտ կապ պահպանել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ: Չավուշօղլուն հաստատել է Թուրքիայի տարածքում Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպում կազմակերպելու Անկարայի պատրաստակամությունը:
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Փետրվարի 25-ին Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ վարել։ Նույն օրը Պուտինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել: Նույն օրը երեկոյան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելուց և առաջարկել է այդ հարցը հետաձգել փետրվարի 26-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







