Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության եռակողմ ձևաչափը կարող է ձևավորվել արդեն մոտ ապագայում։ Այս մասին փետրվարի 23-ին ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Երևի ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արդեն ձևավորվում է համագործակցության եռակողմ ձևաչափ։ Այն դեռ ֆորմալ չէ, դեռ արտգործնախարարների հանդիպում չի եղել, էլ չենք խոսում նախագահների մասին, բայց այն ձևավորվում է՝ նաև ընդհանուր շահերի, հիման վրա»,- նշել է նա։
Ալիևն ընդգծել է, որ երեք երկրների միջև կառավարման համակարգերի և արժեքների ընդհանուր գծեր կան: Նա մատնանշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև առկա վստահելի հարաբերությունները:
Ալիևը Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրն անվանել է պատմական ձեռքբերում։
«Երկու մեծ երկրների, երկու հարևանների հետ Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ ունի։ Ես կարծում եմ, որ ոչ մի այլ երկիր չի կարող պարծենալ դրանով»,- նշել է նա։
Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը ստորագրվել է երկու երկրների նախագահների կողմից՝ երեքշաբթի օրը Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







