Իրանը չի հանդուրժի Իսրայելի ներկայությունը և սադրիչ գործողություններն Իրանի սահմանների մոտ: Թույլ չի տա նաև տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները: Ինչպես հաղորդում է IRNA-ն, այդ մասին IRIB1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը:
Նա ընդգծել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից տարածաշրջան ահաբեկչական խմբեր տեղափոխելու մասին: Նրա խոսքով՝ Իսրայելի վարչակարգն այդ իրադարձությունների ժամանակ իրանական սահմանների մոտ ներկայություն ստանալու հնարավորություն էր փնտրում:
Ըստ ԱԳ նախարարի՝ քաղաքական, ռազմական, անվտանգության մակարդակներում Իրանը տարբեր խողովակներով ադրբեջանցի պաշտոնյաներին իր մտահոգությունն է հայտնել այդ կապակցությամբ:
Մատնանշելով Հայաստան և Լեռնային Ղարաբաղ իրանական էներգառեսուրսների մատակարարման հետ կապված վերջին խնդիրները՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անընդունելի է համարել Ադրբեջանում իրանցի վարորդների ձերբակալությունը: Աբդոլլահիյանի խոսքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ նա իր ադրբեջանցի գործընկերոջը հայտնել է, որ Բաքուն պետք է Իրանին նախապես տեղեկացներ ճանապարհային ցանկացած փոփոխությունների և տարանցման սահմանափակումների մասին:
Իրանցի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանում իրադարձությունների զարգացման հետևում կանգնած են օտարերկրյա խաղացողներ, իսրայելական ռեժիմը և ահաբեկչական խմբավորումներ, և, նրա խոսքով, Իրանը կօգնի Ադրբեջանին չընկնել այդ ծուղակը:
«Ադրբեջանի Հանրապետության սահմանին զորավարժություններ անցկացնելով՝ մենք ազդանշան ենք փոխանցել տարածաշրջանում սիոնիստներին և ահաբեկիչներին», — ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ չի կարելի թույլ տալ օտարերկրյա խաղացողներին ազդել Թեհրանի և Բաքվի վաղեմի հարաբերությունների վրա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը խոշոր զորավարժություններ է սկսել երկրի հյուսիս-արեւմուտքում։ Զորավարժություններն անցկացվում են Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման ֆոնին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







