Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն պատասխանելով Իրանի հյուսիս-արևմուտքում անցկացված զորավարժությունների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին հարցին՝ ասել է, որ այն, թե ինչպես է Ադրբեջանի նախագահն իր դիտողությունները հայտնել, զարմանալի էր, քանի որ երկու երկրների միջև առկա են լավ, հարգալից հարաբերություններ և հաստատվել են ամենաբարձր մակարդակով շփման ուղիներ:
Խաթիբզադեն ասել է, որ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են այդ հարցը և այլ թեմաներ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ:
Մամուլի քարտուղարի խոսքով՝ բարձրաստիճան դիվանագետները պայմանավորվել են պատշաճ ձևով շարունակել բանակցությունները։
Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ մերժել է տարածքային օկուպացիայի ցանկացած տեսակ և ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, շարունակել է Խաթիբզադեն:
Դիվանագետը նաև պարզաբանել է, որ Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններում զորավարժությունները սուվերեն հարց են և ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







