Սիրիայի քրդերի զինված կազմավորումները՝ «Սիրիական դեմոկրատական ուժեր»-ը, հոկտեմբերի 7-ին հայտարարել են, որ Միացյալ Նահանգները Սիրիայի հյուսիս-արևելքում թուրք-սիրիական սահմանից հեռացրել է իր զինվորականներին՝ դրանով իսկ չկատարելով քրդերի հանդեպ իր պարտավորությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ը հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Ամերիկացիները չեն կատարել իրենց պարտավորությունները և իրենց ուժերը դուրս են բերել Թուրքիայի հետ սահմանակից շրջաններից։
Հայտարարության մեջ նշվում է, որ «թուրքական ուժերի հարձակումը բացասաբար կանդրադառնա ԻՊ — ի դեմ պայքարի վրա և խաղաղության վրա, որը տարածաշրջանում ձեռք էր բերվել քրդական ուժերի շնորհիվ:
Նշենք, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի զինվորականները օգոստոսի 7-ին պայմանավորվել են Սիրիայում համատեղ գործողությունների կենտրոն ստեղծելու մասին: Օգոստոսի 12-ին Թուրքիայի Շանլըուրֆա քաղաք՝ Սիրայի սահմանից 50 կմ հեռավորության վրա, ժամանել է ԱՄՆ զինծառայողների առաջին խումբը, որոնք աշխատելու են այդ կառույցում։ Կենտրոնը կազմակերպվել է երկու երկրների կողմից՝ Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու ծրագրի իրականացման համար, որտեղ կկարողանան Թուրքիայից վերադառնալ սիրիացի փախստականները և որը պաշտպանական գոտի կդառնար թուրքական սահմանի համար:
Նշենք, որ Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բուֆերային գոտու նախագծի շուրջ տարաձայնությունների առկայության մասին, ինչի կապակցությամբ Թուրքիան չի բացառում իր ուժերով Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն անցկացնելու հավանականությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան «ավարտել է գործողության պլանի նախապատրաստումն ու մշակումը» և «տրվել են անհրաժեշտ հրամաններ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







