Լրատվամիջոցներում հրապարակվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակը, որն ուղարկվել է Սիրիայի հյուսիս-արևելքում հոկտեմբերի 9-ին Թուրքիայի կողմից «Խաղաղության ակունք» գործողությունը սկսելու օրը:
Նամակը հրապարակվել է Սպիտակ տան հետ մերձավոր կապերով հայտնի ամերիկյան «Fox Tv» հեռուստաընկերության հաղորդավարներից Թրիշ Ռեյգանը:
Նամակում Թրամփն Էրդողանին կոչ է արել համառ և հիմար չլինել, բանակցել Սիրիայի քրդական ուժերի հրամանատարներից Ֆերհադ Աբդի Շահինի հետ, ով ամերիկյան զորքերի շրջանում հայտնի է գեներալ Մալզում Քոբանի անունով:
Նամակի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ նախագահ
Եկեք պայմանավորվենք։ Դուք չեք ցանկանա դառնալ հազարավոր մարդկանց սպանության պատասխանատուն, ես էլ չեմ ցանկանում ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, որը ես կարող եմ անել: Թե ինչ կարող եմ անել այդ ուղղությամբ ցույց եմ տվել հոգևորական Բրանսոնի հետ կապված դեպքերի ժամանակ, ինչը փոքրիկ օրինակ էր:
Ես Ձեր որոշ խնդիրները լուծելու ուղղությամբ մեծ ջանք եմ գործադրել: Աշխարհին մի հիասթափեցրեք: Դուք կարող եք համաձայնություն ձեռք բերել: Գեներալ Մալզումը պատրաստ է Ձեզ հետ բանակցել. պատրաստ է լուրջ զիջումների գնալ, որոնք նախկինում երբեք չէր անի: Ձեզ եմ ուղարկում նրա՝ ինձ գրած նամակի պատճենը, որը ես նոր եմ ստացել: Եթե Դուք սա իրականացնեք ճիշտ և մարդկային ճանապարհով, պատմությունը Ձեզ դրական լույսի ներքո կհիշի: Եթե բացասական իրադարձություններ տեղի ունենան, պատմությունը Ձեզ հավերժ որպես սատանա կհիշի: Մի՛ համառեք: Հիմար մի՛ եղեք:
Ավելի ուշ Ձեզ կզանգեմ
Հարգանքներով՝ Դոնալդ Թրամփ»:
Համաձայն թուրքական մամուլի հրապարակումների՝ Թրամփի հիշատակած Գեներալ Մալզումը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամ է և հայտնի է ՔԲԿ-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ ունեցած մտերմությամբ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Թուրքական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Օջալանի կողմից իր հոգեզավակ անվանված Գեներալ Մալզում Քոբանի անունով Ֆերհաթ Աբդի Շահինը Թուրքիայի կողմից որոնում է որպես խիստ վտանգավոր ահաբեկիչ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







