Այսօր՝ նոյեմբերի 30-ին, տեղի է ունեցել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) գործարկման պաշտոնական արարողությունը Հունաստանի հետ սահմանին գտնվող Էդիրնե քաղաքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Արարողությանը մասնակցել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահն այս օրը անվանել է «պատմական» և հույս հայտնել, որ TANAP-ը «օգուտ կբերի ինչպես Թուրքիային ու Ադրբեջանին, այնպես էլ հարևան այլ երկրներին»:
Էրդողանն էլ իր հերթին TANAP-ի կառուցման նախագիծը Անկարայի և Բաքվի միջև պատմական բարեկամության խորհրդանիշ է անվանել։
«TANAP նախագիծն առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի միջև պատմական բարեկամության խորհրդանիշ է։ Սա տարածաշրջանային նախագիծ է ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը», — ասել է Էրդողանը։
Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան ևս մեկ գազատարի ՝ «Թուրքական հոսք»-ի մեկնարկը կտա 2020 թվականի հունվարի 8-ին Ստամբուլում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







