Իրանը ներկայում ուրանը հարստացնում է մեծ ծավալներով, քան մինչև 2015 թվականին միջուկային գործարքի կնքումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին։
«Այսօր մենք ամեն օր հարստացնում ենք ուրանն ավելի, քան մինչև միջուկային գործարքի կնքումը», — Ռոհանիի խոսքը մեջբերում է ILNA գործակալությունը:
Նախագահի խոսքով՝ «Թեհրանը ճիշտ է վարվել, որ դուրս չի եկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից»։
«Եթե Իրանը դուրս գար, ապա մեր դեմ կվերսկսվեին ՄԱԿ-ի պատժամիջոցները և դրանով կհեշտացնեինք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդիրը»,-նշել է Ռոհանին:
Հիշեցնենք, որ ԳՀՀԾ-ի ապագան հարցականի տակ է հայտնվել 2018 թվականի մայիսի 8-ին՝ ԱՄՆ-ից միակողմանի դուրս գալուց և նավթի արտահանման ոլորտում Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ սահմանելուց հետո:
Իրանի վարկածի համաձայն՝ մյուս մասնակիցները, նախևառաջ եվրոպացիները, լիովին չեն պահպանում համաձայնագրի տնտեսական մասում իրենց պարտավորությունները, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի: Այդ կապակցությամբ Թեհրանը ձեռնամուխ է եղել ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների փուլային դադարեցմանը, որոնք վերաբերում են ուրանի հարստացմանը և հետազոտական գործունեությանը, իսկ հունվարի սկզբին հայտարարել է այդ գործընթացի ավարտի մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







