Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռը, որը վթարի էր ենթարկվել հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում, խոցվել է «Տոր-Մ1» զենիթահրթիռային համալիրից բաց թողնված «երկիր-օդ» դասի երկու հրթիռներով: Այս մասին նախօրեին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ողբերգության հետաքննության մասին երկրորդ նախնական զեկույցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իրանական կողմի անցկացրած նախնական հետաքննության արդյունքների մասին այլ մանրամասներ Bloomberg-ը չի հայտնել:
Նշենք, որ հունվարի 10-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովը հայտարարել էր, որ գերատեսչությունը, որպես ուկրաինական օդանավի կործանման պատճառներից մեկը, դիտարկում է «Տոր» զենիթահրթիռային համալիրի հրթիռի ընկնելու վարկածը: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 11-ին հայտարարություն է տարածել, որում խոստովանել է, որ ինքնաթիռը խփվել է մայրաքաղաքի տարածաշրջանի հակաօդային պաշտպանության հաշվարկով: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի խոսքով՝ ճանաչման համակարգը սխալմամբ օդանավը թևավոր հրթիռի տեղ է ընդունել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







