Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, Սեյիթ Սերթչելիքը Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզերը ներկայացնող հերթական դասախոսությամբ է հանդես եկել: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ermenihaber.am կայքը։
Սերթչելիքն այս անգամ որպես բանախոս հանդես է եկել Ստամբուլի Գազիօսմանփաշա շրջանի քաղաքապետարանում անցկացված «Հայկական հարցի հետին պլանը և իրողություններ» խորագրով միջոցառման ժամանակ:
Ժխտողականության թեզերի գլխավոր նախաձեռնողներից ու տարածողներից մեկը հանդիսացող պրոֆեսորը ևս մեկ անգամ ներկայացրել է հարցի վերաբերյալ թուրքական թեզերը՝ նշելով, որ հայերի տեղահանությունն արվել է այն պատճառով, որ նրանք պատերազմի ժամանակ համագործակցել են ռուսների հետ և ամեն ինչ արել Օսմանյան կայսրության դեմ:
Սերթչելիքը նշել է, որ Հայկական հարցը այն թեման է, որի վրա թուրքական կողմը պիտի աշխատի տարին 365 օր, այլ ոչ թե սահմանափակվի միայն ապրիլի 24-ով: Նրա խոսքով՝ թուրքական կողմը բացի պատմագիտության ոլորտից պետք է նաև այս թեմայով ֆիլմեր ու վավերագրական նյութեր պատրաստի, ինչի համար դեռևս բավարար ֆինանսավորում չունեն:
Հիշեցնենք, որ Սերթչելիքը հայտնի է իր հակահայկական քարոզներով և սա բազմաթիվ դեպքերից միայն մեկն է․ Սերթչելիքը նախորդ «Հայկական հարցը և դրա պատմական հետին պլանը» խորագրով գիտաժողովում հայտարարել էր, որ ինքը ռուսական արխիվներում Հայկական հարցի մասին շուրջ 1 մլն փաստաթուղթ է ուսումնասիրել և ավանդական ժխտողական թեզերին ավելացրել է ևս մեկը: Ըստ Սերթչելիքի՝ Օսմանյան կայսրությունում ծառայող ռուս դիվանագետները գրել են, թե իբր հայերը «ապստամբությունների ժամանակ իրենց ունեցած կորուստների թվաքանակը հրապարակելիս միշտ մի զրո են ավելացրել»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







