Քութայիսի կենտրոնում բազմահազարանոց բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ակցիայի մասնակիցները դեմ են Ռիոնի գետի վրա ՀԷԿ-ի շինարարությանը և կողմ են այն դադարեցնելուն: Այս մասին հայտնել է РИА Новости-ին՝ վկայակոչելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը:
«Մեր գլխավոր պահանջը կառավարության որոշումը չեղյալ հայտարարելն է, որը նախատեսում է Ռիոնի հովտի փոխանցումը՝ օտարերկրյա ներդրողին: Երկրորդ պահանջը «Էկա» ընկերության հետ պայմանագրի լուծարումն է: Երրորդ պահանջի համաձայն՝ 2015 թվականից տրված բոլոր փաստաթղթերը պետք է չեղյալ հայտարարվեն և, վերջապես, էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան պետք է հրաժարական տա»,-ակցիայի կազմակերպիչ Վարլամ Գոլետիանիի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Նրա խոսքով ՝ հավաքվածների մի մասը պատրաստվում է վրաններով գիշերել կենտրոնական հրապարակում: Գործակալությունը նշում է, որ ակտիվիստներն արդեն շուրջ չորս ամիս բողոքում են Ռիոնի գետի վրա ՀԷԿ-ի կառուցման դեմ: Ինչպես պնդում են ցուցարարները, այդ տարածքում տասնյակ բնակելի տներ և անտառներ կան, իսկ ՀԷԿ-ի կառուցումը կազդի կլիմայի և լանդշաֆտի վրա: Նախորդ շաբաթ Վրաստանի կառավարությունը մինչև լրացուցիչ հետազոտություններ անցկացնելը որոշել էր կասեցնել պատվարի և ջրամբարի կառուցումը, բայց մնացած աշխատանքները կշարունակվեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







