Թբիլիսիում քննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի ինտեգրման և դրանք Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու հնարավոր քայլերը, հայտնել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ)։
Քննարկումն անցկացվել է Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում։ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և EU4Energy ծրագրի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան և Ադրբեջանի էներգետիկայի կարգավորող գործակալության խորհրդի նախագահ Սամիր Ախոնդովը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խորացման հնարավորություններին։ Ըստ հաղորդագրության՝ Մեսրոպյանն ընդգծել է էներգետիկայի ոլորտի օրենսդրությամբ նախատեսված կուտակիչ կայանների կառուցման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ ցուցաբերվող աջակցության կարևորությունը։ ՀԾԿՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի էներգետիկայի ոլորտի կարգավորման ուղղությամբ ցուցաբերվող տեխնիկական աջակցության և համագործակցության համար։© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







