Ադրբեջանական կողմը հետաձգել է Երևանում նախատեսված «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումը՝ Հայաստանի իշխանություններին մեղադրելով Ադրբեջանի դեմ տեղեկատվական արշավին և տարածքային հավակնություններին աջակցելու մեջ, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Բաքվում պնդում են, որ վերջին օրերին Ադրբեջանի դեմ տեղեկատվական արշավ է իրականացվել՝ օտարերկրյա լոբբիստական և փորձագիտական շրջանակների ներգրավմամբ։ Հրապարակման հեղինակները նաև պնդում են, որ դրա հետևում կանգնած է Հայաստանի ղեկավարությունը՝ մեղադրանքը հիմնավորող ապացույցներ չներկայացնելով։
Այս պատճառաբանությամբ ադրբեջանական կողմը նպատակահարմար չի համարել այս օրերին Երևանում հայ և ադրբեջանցի փորձագետների հերթական հանդիպման անցկացումը և որոշել է այն հետաձգել։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ ներկայացուցիչներից Բորիս Նավասարդյանը սեպտեմբերի 22-ին Factor TV-ի հետ զրույցում հայտնել էր, որ նախաձեռնությունն այս պահին սառեցված է՝ դա կապելով հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքի անորոշության հետ։
«Քանի որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքը բավականին անորոշ է, բնականաբար, նաև «Խաղաղության կամուրջը», որը, ուզենք թե չուզենք, կապված է նաև պաշտոնական օրակարգի հետ, տվյալ պայմաններում, երևի, չի կարող արդյունավետ գործել և ընդհանրապես գործել»,- ասել էր նա։
«Խաղաղության կամուրջը» Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նախաձեռնություն է։ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ապրիլին մեկնել էին Ադրբեջան՝ մասնակցելու կլոր սեղան քննարկումների։
Փոխադարձ այցեր էին իրականացվել նաև նախորդ տարի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







