Թբիլիսիում հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է փողոցներ, բակեր և նկուղներ, վնասել ճանապարհահատվածներ ու ենթակառուցվածքներ, հայտնում է Rustavi 2-ը։
Հորդառատ անձրևը փողոցներ է բերել մեծ քանակությամբ հող, քարեր և աղբ։ «Թբիլսերվիս գրուպ»-ի աշխատակիցներն ու հատուկ տեխնիկան մոբիլիզացվել են մայրաքաղաքի բոլոր 10 վարչական շրջաններում։ Ծառայությունը վերահսկում է նաև գետերի հուները, որտեղ ջրի բարձրացման հետևանքով կարող է վտանգ ստեղծվել կամուրջների համար։
Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության տնօրեն Լևան Մայսուրաձեն հայտնել է, որ ժամը 8։26-ի դրությամբ` երթևեկությունը մասնակի սահմանափակված էր Հերոսների հրապարակում, «Նոր ճանապարհում», ինչպես նաև Դիդուբեում՝ Ծերեթելի և Էրիսթավի փողոցների խաչմերուկում։ Մյուս հատվածներում երթևեկությունը մասամբ վերականգնվել է։
«Թբիլսերվիս գրուպ»-ի տվյալներով՝ մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվել է նաև Ամիրեջիբիի մայրուղում։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները կօգնեն այն բնակիչներին, որոնց տները, նկուղները կամ բակերը վնասվել են տեղումների հետևանքով։ Նա նշել է, որ քաղաքի մի շարք փողոցներում ջրահեռացման համակարգ չկա, իսկ ստորգետնյա ենթակառուցվածքների զգալի մասը հնացած է։
Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախապես զգուշացրել էր, որ հուլիսի 20-ի գիշերից մինչև հուլիսի 21-ի առավոտ Թբիլիսիում և հարակից տարածքներում սպասվում են տեղատարափ անձրև, ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում։ Գործակալությունը նաև զգուշացրել էր փոքր գետերի վարարումների, սողանքների և սելավների ակտիվացման վտանգի մասին։
Զոհերի կամ տուժածների տվյալներ չեն ներկայացվել։






































