Ադրբեջանն ուսումնասիրում է իր ազգային բանակի մասնակցության հնարավորությունը ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կողմից միջազգային խաղաղության պահպանմանը նպաստող գործողություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։
«Տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող անկայուն աշխարհաքաղաքական գործընթացները և հակամարտությունները ցույց են տալիս, որ խաղաղապահների դերը մեծանում է։ Ադրբեջանը, որպես միջազգային հանրության և ՄԱԿ-ի անդամ, աջակցում է խաղաղության և համաշխարհային անվտանգության պահպանմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ Ներկայումս մենք ուսումնասիրում ենք ադրբեջանական բանակի մասնակցության հնարավորությունը ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կողմից միջազգային խաղաղության պահպանմանը նպաստող տարբեր գործողություններին», - նշել է նախարարը։



































