Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AK Party) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է հաջորդ նախագահական ընտրություններում իր թեկնածուն, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Նրանց փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է AK Party-ի խոսնակ Օմեր Չելիքը՝ Էրդողանի նախագահությամբ կայացած կուսակցության Կենտրոնական որոշումների և գործադիր խորհրդի նիստից հետո՝ նշելով, որ «AK Party-ի համար նախագահի թեկնածուն նախագահ Էրդողանն է», և կուսակցության բոլոր լիազոր մարմիններն այս հարցում ունեն «հստակ և վճռական դիրքորոշում»։
Չելիքը նաև ողջունել է Ազգայնական շարժում կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի հայտարարությունն այն մասին, որ «նախագահն իր պաշտոնում է, և իրենք նրա կողքին են»։ Նա Բահչելիի խոսքերը որակել է որպես «Ժողովրդական դաշինքի» միասնության և Էրդողանի թեկնածության հարցում վճռականության կարևոր ցուցիչ։
Չելիքի հայտարարությունը հնչել է Թուրքիայում հնարավոր արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների ֆոնին։
Թուրքիայում հաջորդ համապետական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին։ Թուրքական սահմանադրությունը նախագահական պաշտոնավարման համար սահմանում է երկու ժամկետ, սակայն Էրդողանի հնարավոր նոր առաջադրման հարցը քննարկվում է արտահերթ ընտրությունների կամ սահմանադրական փոփոխությունների համատեքստում։





































