Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ադրբեջանական գազը վերջերս սկսել է հոսել դեպի ևս երկու ԵՄ երկիր՝ Գերմանիա և Ավստրիա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Խոսելով Ադրբեջանի և Եվրամիության միջև էներգետիկայի, կապի, անվտանգության, առևտրի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին՝ Ալիևն ընդգծել է, որ ԵՄ-ն երկրի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն, իր հերթին, միշտ հուսալի գործընկեր է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Ավելի վաղ Կալլասն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել էր Բաքվի և Բրյուսելի միջև ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցը։





































