Amnesty International-ը նշում է, որ Ադրբեջանի իշխանություններն օգտվել են COVID-19 պանդեմիայից ընդդիմադիր և քաղաքացիական ակտիվիստների և անկախ լրագրողների հետապնդումների լայնածավալ արշավ սկսելու համար: Այս մասին հայտնում է Turan գործակալությունը։
Ի թիվս այլ հետապնդումների, քննադատության են ենթարկվել նաև կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության ձեռնարկած միջոցառումները, ասվում է Amnesty International-ի՝ Ադրբեջանում տիրող իրավիճակին նվիրված նոր հայտարարության մեջ:
«Ադրբեջանական բանտերում COVID-19-ի տարածման հետ կապված աճող մտավախությունների ֆոնին՝ երկրի իշխանությունները ոչ միայն չեն դիտարկում քաղաքական դրդապատճառներով դատապարտված բանտարկյալներին ազատ արձակելու հարցը, ընդհակառակը, պանդեմիայի դեմ պայքարի պատրվակով իշխանությունները ցինիկաբար ճաղերի հետևում են նետում իրենց քննադատներին»,-նշել է Հարավային Կովկասում Amnesty International-ի հետազոտող Նատալյա Նոզաձեն։
Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն էլ թաքցնում իրենց մտադրությունները։ Այսպես, դեռևս մարտի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել էր «նոր կանոններ» սահմանել համաճարակի շրջանում։ Միաժամանակ նա հայտարարել է, որ մտադիր է «մաքրել» Ադրբեջանի քաղաքական դաշտն ընդդիմությունից, որի ներկայացուցիչներին նա «դավաճաններ և հինգերորդ շարասյուն» է անվանել։ Այդ ժամանակից ի վեր կեղծ մեղադրանքներով ձերբակալվել են նախագահի մի քանի հայտնի քաղաքական հակառակորդներ և քաղաքացիական ակտիվիստներ, այդ թվում ՝ Թոֆիգ Յագուբլուն և Էլչին Մամեդը:
Բացի այդ, ճաղերի հետևում են հայտնվել մեկ տասնյակից ավելի մարդիկ, որոնք համարձակվել են քննադատել իշխանությունների գործողությունները համաճարակի դեմ պայքարում, այդ թվում՝ քաղաքացիական ակտիվիստներն ու անկախ լրագրողները: Նրանց 10-30 օր ժամկետով վարչական կալանք էր սպասվում՝ շինծու մեղադրանքներով։ Առնվազն չորս լրագրող ազատազրկվել է համաճարակի դեմ պայքարի կառավարության միջոցառումների մասին քննադատական ռեպորտաժների համար:
Երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցություններից մեկը՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատը, հայտնել է, որ նրա 15 ակտիվիստներին ձերբակալել են մինչև 30 օր ժամկետով՝ շինծու մեղադրանքներով: Նրանցից մեկը՝ Նիամեդդին Ահմեդովը, որը ձերբակալվել էր ապրիլի 16-ին, կրկին կալանավորվել է՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակցելու համար շինծու քրեական մեղադրանքներով՝ վարչական կալանքի մեկամսյա ժամկետը կրելուց հետո։ Բոլոր հանգամանքները թույլ են տալիս պնդել, որ իր հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։ Նա կալանքի տակ կմնա առնվազն մինչև սեպտեմբեր։
«Նիամեդդին Ահմեդովի դեմ մեղադրանքները պետք է հանվեն, և նա պետք է անհապաղ ազատ արձակվի այլ ակտիվիստների հետ միասին, որոնք վարչական ձերբակալություններ են կրում շինծու քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներով»,- պնդում Է Amnesty International-ը:
«Հաշվի առնելով վերջերս Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում COVID-19 վարակի դեպքերը, ձերբակալված անձինք ենթարկվում են կորոնովիրուսով վարակման ավելի բարձր ռիսկի»,- հավելել Է Նատալյա Նոզաձեն: Ադրբեջանի իշխանությունները մայիսի 15-ին հայտնել են COVID-19-ի 46 հաստատված դեպքերի մասին: Սակայն ադրբեջանցի իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները փորձում են թաքցնել երկրում համաճարակի մասշտաբները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







