Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում հավաստիացրել է, որ Նախիջևանի օդային հրետակոծության հետ Իրանը որևէ առնչություն չունի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Փեզեշքիանն ասել է, որ միջադեպը կհետաքննվի։ Ալիևը կարևորել է հետաքննության անցկացումը:
Զրույցից հետո՝ այսօր առավոտյան, վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով (ներառյալ տարանցիկ) ապրանքների տեղափոխման մուտքն ու ելքը:
Բաքուն մարտի 5-ին մեղադրել էր Իրանին Նախիջևանի վրա ԱԹՍ-ներով հարձակման մեջ։ ԱԹՍ-ներից մեկն ընկել էր Նախիջևանի օդանավակայանի տերմինալի մոտակայքում, մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի հարևանությամբ։ Օդանավակայանի շենքը վնասվել էր, 4 անձ՝ վիրավորվել։
Ալիևը հայտարարել էր նախատեսվող պատասխան միջոցներ ձեռնարկելու մասին։ Ադրբեջանի նախագահն անվտանգության խորհրդի նիստում «ահաբեկչական գործողություն» էր որակել իրանական դրոնների հարձակումը՝ նշելով, որ «մեղավորները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն»։


























