Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին ՀՀ երկաթուղիների կառավարման գործում, չմշակված լուծում է, կառուցված համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել», ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
«Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահությամբ ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ է և վաղուց աշխատում է Հայաստանում ոչ ամենապարզ պայմաններում»,- ասել է Շոյգուն:
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ միջուկային թեմայով համագործակցությանը՝ նա հարցրել է՝ արդյոք չմշակված լուծումները չե՞ն հանգեցնի այնպիսի վտանգավոր փորձերի, որոնց համար ստիպված կլինեն վճարել Հայաստանի հասարակ քաղաքացիները:
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ շուրջ 20 տարի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատասխանատու կերպով կատարում է կոնցեսիոն պայմանագրի դրույթները, այդ թվում՝ ներդրումների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում ռուսական ներդրումները հայկական երկաթուղային համակարգում, ներառյալ՝ շարժակազմը, գնահատվում են ավելի քան 30 միլիարդ ռուբլի։
«Եվ ահա այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի երկաթուղիների գտնվելը ռուսական ընկերության կոնցեսիայի տակ վախեցնում է հնարավոր գործընկերներին, խոչընդոտում տարածաշրջանային նախագծերին և քննարկում է հայկական երկաթուղային ցանցի կառավարումը փոխանցել Ռուսաստանին և Հայաստանին բարեկամ երկրի»,- նշել է Շոյգուն։
Նա հիշեցրել է, որ պայմանագիրը նախատեսում է ՀԿԵ ՓԲԸ-ի՝ որպես կոնցեսիոների, ակտիվների տիրապետում, օգտագործում, կառավարում, շահագործում, սպասարկում, նորոգում և անհրաժեշտ բարելավումներ։
2008 թվականի փետրվարին Հայաստանը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն (ՌԴ երկաթուղիների հատուկ ստեղծված դուստր ընկերություն) կնքել են կոնցեսիոն պայմանագիր՝ Հայաստանի երկաթուղային համակարգը մինչև 2038 թվականը ՀԿԵ-ին փոխանցելու վերաբերյալ:
Փաշինյանը ռուսական կողմին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիան վաճառել մի երկրի, որը բարեկամ է թե՛ Մոսկվային, թե՛ Երևանին։ Որպես տարբերակներ՝ նա նշել էր Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը։
Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ ոչինչ չունի, սակայն ռուսական կոնցեսիան հանրապետության համար ստեղծում է «որոշակի մրցակցային կորուստներ»։






































