Թեհրանն անհրաժեշտության դեպքում կարող է ամենակարճ ժամկետում փակել Հորմուզի նեղուցը, հայտարարել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին, փոխանցել է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։
«Եթե Հորմուզի նեղուցը փակելու պատրվակ առաջանա, մեր զինված ուժերն այդ գործողությունը կիրականացնեն ամենակարճ ժամկետում»,- ասել է նա։
Fars գործակալության տվյալներով՝ այսօր մի քանի ժամով մասամբ կփակվի նեղուցի մի հատվածը՝ ռազմածովային զորավարժությունների նպատակով։
Այսօր Ժնևում միջուկային դոսյեի շուրջ տեղի է ունեցել իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը: Քննարկվել են նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման մանրամասները: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին փետրվարի 16-ին հանդիպել էր ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլից առաջ։





































