Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանից ժամանած բեռնատարի վարորդի մոտ: Այս մասին հայտնել է Новости-Грузия պարբերականը, հղում անելով Իմերեթի մարզի նահանգապետ Զվիադ Շալամբերիձեին։ Վերջինս տեղեկացրել է, որ երիտասարդը վիրուսի հատատումից հետո նախորդ գիշեր Զեստափոնի հիվանդանոցից տեղափոխվել է Քութայիսի հիվանդանոց: Նշվում է, որ բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում:
Շալամբերիձեն նաև տեղեկացրել է, որ վարորդի հետ շփված բոլոր անձանց շրջանակը պարզվել է, վերջիններս ինքնամեկուսացել են։
«Մոնիթորինգ է իրականացվում բոլոր վարորդների համար, որոնք մուտք են գործում երկիր և դուրս են գալիս, նրանք բոլորը գտնվում են հաշվառման մեջ, և մենք վերահսկում ենք նրանց ինքնամեկուսացման պայմանները: Այդ մարդը ևս գտնվել է ինքնամեկուսացման վիճակում, երբ ինքնազգացողությունը վատացել է, որից հետո վերջինս դիմել է բուժկենտրոն, որտեղ էլ նրա մոտ «COVID-19» է հայտնաբերվել»,- ասել է Շալամբերիձեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







