Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի մարդասիրական ականազերծման ջանքերին, ինչպես նաև Նախիջևանի երկաթուղային գծի վերականգնման հետ կապված նախագծերին, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Կոսի խոսքով՝ ԵՄ-ն Ադրբեջանի կողմից մարդասիրական և ենթակառուցվածքային նախագծերին աջակցությունը դիտարկում է որպես համագործակցության կարևոր ոլորտ:
Հանդիպումը տեղի է ունեցել Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև տարածաշրջանային ենթակառուցվածքների և հետհակամարտային վերականգնման ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Ադրբեջանը քննարկում է Նախիջևան տանող երկաթուղու վերականգնման հարցը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» ստանալու համատեքստում, որը ներկայումս քննարկվում է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախաձեռնության շրջանակներում։ Այն ձևավորվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքված համաձայնագրերից հետո:





































