Իրանում բախումներ են գրանցվել ցուցարարների և իրավապահների միջև. իրանական պետական ԶԼՄ-ները հայտնում են, որ ակցիաների մասնակիցները հարձակումներ են իրականացրել երկրի իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։
«ՌԻԱ Նովոստին», հղում անելով Fars գործակալությունը, նշում է, որ Իրանի արևմուտքում ոստիկանների վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 17-ը՝ վիրավորվել։ Միևնույն ժամանակ, երկրի հարավ-արևմուտքում զոհվել է առնվազն երկու մարդ, մի քանի ոստիկան ստացել է վնասվածքներ։
2025 թվականի դեկտեմբերի վերջին Իրանում սկսվել էին բողոքի ցույցեր տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման ֆոնին։ Բողոքի ակցիաների հիմնական պատճառը փոխարժեքի կտրուկ տատանումներն են և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա։ Սոցիալական ցանցերում տարածվել էին տեսանյութեր Թեհրանում և այլ քաղաքներում անցկացվող ցույցերից։ Այս ֆոնին Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական էր տվել։ Նրա փոխարեն նախագահական հրամանագրով դեկտեմբերի 31-ին նշանակվել էր Աբդոլնասեր Հեմմաթին։
Իրանը ներկայումս ապրում է բարձր գնաճի փուլ․ Կենտրոնական բանկի տվյալներով՝ տարեկան գնաճի մակարդակը հասել է 38,9%-ի։ Ռիալն արագ արժեզրկվում է: Ներկայումս ազատ շուկայում մեկ դոլարի արժեքը հասնում է 1,4 միլիոն ռիալի։





































