ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի դիվանագետների հետ միասին, մասնակցել է TRIPP նախաձեռնության վերաբերյալ դեսպանների փակ կլոր սեղանի քննարկմանը: Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի (USACC) կողմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի համար «կայուն տնտեսական ներկայության» զարգացումը Միջին միջանցքի երկայնքով: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը նշել է, որ TRIPP-ը կիրականացվի այս միջանցքի շրջանակներում:
Մկրտչյանն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից տրամադրված քաղաքական խթանի շնորհիվ է ստեղծվել ներկայիս թափը, և TRIPP-ը դարձել է ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարության հիմնական տարր: Նա նշել է, որ Վաշինգտոնի ակտիվ ներգրավվածությունը կօգնի նախաձեռնությունը վերածել Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Եվրասիական ավելի լայն տարածաշրջանի համար կոնկրետ տնտեսական և սոցիալական օգուտների: Նա նաև նշել է ադրբեջանական կողմի հետ կառուցողական երկխոսության և քննարկումները գործնական զարգացման նախագծերի ուղղությամբ տանելու կարևորությունը:
Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանները ներկայացրել են TRIPP-ի ներուժի վերաբերյալ իրենց ազգային գնահատականները:
Մասնավոր հատվածի ներկայացուցիչները, այդ թվում՝ Google-ը, Bechtel-ը և Tetra Tech-ը, ինչպես նաև տարածաշրջանային առևտրային ասոցիացիաները, կիսվել են ոլորտի գնահատականներով և նշել ամերիկյան բիզնեսների աճող հետաքրքրությունը TRIPP-ի և դրան առնչվող տարածաշրջանային կապի նախաձեռնությունների կողմից առաջարկվող առևտրային և ներդրումային հնարավորությունների նկատմամբ։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







