Մոսկվան պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղու» պարամետրերի և նախաձեռնությանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:
«Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Պատրաստ ենք խորհրդակցել հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ ռուսական հնարավոր մասնակցությունը»,- ասել է նա։
Ըստ Կալուգինի՝ խոսքը, ըստ էության, փոխվարչապետերի եռակողմ (հայ-ռուս-ադրբեջանական-խմբ.) աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցված երթուղու հատվածի մասին է։
«Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծեր: «Թրամփի ուղին» մեծասամբ անցնելու է մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով։ Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, պարզ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի»,- նշել է նա:
Ավելի ուշ Ազգային ժողովում փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը լրագրողներին հայտնել է, որ TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի») նախագծում ՌԴ-ի մասնակցության վերաբերյալ քննարկումներ չկան։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է TRIPP ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Նյութը թարմացվել է 15։10-ին։






























