Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է համաներում շնորհել Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմներին մասնակցածներին և նրանց հարազատներին, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ համաներումը կտարածվի մոտ 20 000 մարդու նկատմամբ։ Այն կտարածվի 2020 և 2023 թվականների Արցախի դեմ պատերազմների մասնակիցների, այլ մարտական գործողությունների մասնակիցների, դրանց ընթացքում զոհվածների կամ անհետ կորածների մերձավոր ազգականների, հաշմանդամ դարձած անձանց, ինչպես նաև կանանց, 60 տարեկանից բարձր անձանց, հանցագործության պահին անչափահաս անձանց և այլոց վրա։
Կանխատեսվում է, որ ավելի քան 5000 դատապարտյալ կազատվի բանտարկությունից, նույն պատժին դատապարտված ավելի քան 3000 անձի բանտարկության ժամկետը կնվազի, ավելի քան 7000 դատապարտյալ կազատվի ազատության սահմանափակումից, և մոտավորապես 4000 դատապարտյալ կազատվի ազատազրկում չպարունակող այլ պատիժներից կամ պայմանական դատավճիռներից։ Ավելին, ավելի քան 1000 անձ կազատվի քրեական պատասխանատվությունից։






































