ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրները հարգանքով են վերաբերվում այդ կազմակերպությանը Հայաստանի չմասնակցելու դիրքորոշմանը, քանի որ դա երկրի ընտրությունն է, ասել է Պուտինը Ղրղզստան կատարած այցի արդյունքներով՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին:
«Հայաստանի դիրքորոշումը հայտնի է․ ինչպես ասում են մեր հայ գործընկերները, «նրանք աջակցում են բոլոր որոշումներին, որոնք ընդունվում են ՀԱՊԿ-ի կողմից, իրենց համարում են ՀԱՊԿ անդամ, սակայն այս փուլում ձեռնպահ են մնում կազմակերպության նիստերին մասնակցելուց»։
ՌԴ նախագահը նշել է, որ եթե Երևանում հնարավոր են համարում առայժմ այդպես աշխատել, իրենք ևս համաձայն են: Պուտինի խոսքով՝ ՀԱՊԿ-ի մյուս անդամները շփման մեջ են հայկական կողմի հետ:
«Մենք՝ որպես պետություն, որն այժմ գլխավորում է աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում, իհարկե, մշտական կապի մեջ կլինենք նաև նրանց հետ, որպես այդ կազմակերպության անդամ և, իհարկե, որոշումները, որոնք կպատրաստենք առաջնահերթություններից յուրաքանչյուրի համար, նրանց հետ կմշակենք և կհամաձայնեցնենք»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Հայաստանը չի մասնակցի Բիշքեկում նոյեմբերի 27-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը: Երևանը սառեցրել էր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։






































