ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կտրուկ է արձագանքել Բրյուսելում Եվրամիության ղեկավարության՝ Կայա Կալլասի և Մարտա Կոսի հետ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպմանը, որի ընթացքում ԵՄ-ն և Հայաստանն ստորագրել էին ռազմավարական գործընկերության համաձայնագիր։
Փաստաթղթի շրջանակում պաշտոնական Բրյուսելը Երևանին հատկացրել էր ֆինանսավորում՝ Ռուսաստանի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու և ՌԴ-ից բխող «տեղեկատվական անվտանգության սպառնալիքներին» դիմակայելու նպատակով։
«Բրյուսելյան վամպիրները մոտենում են նորմալ մարդկանց ու հարցնում․ ուզո՞ւմ եք՝ կկծենք, կդառնաք մեր նման՝ կվախենաք լույսից, էներգետիկա ձեզ պետք չի լինի»,- իրավիճակն էմոցիոնալ ձևով նկարագրել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ԵՄ ներկայացուցիչներն «ինքնուրույն բացահայտել են իրենց», որովհետև Հայաստանի հետ համագործակցության միակ նպատակը «Ռուսաստանին վնաս հասցնելն է»։
Զախարովան կոչ է արել համեմատել ու դիտարկել երկու հարց․ ի՞նչ վատ բան են Հայաստանի շարքային քաղաքացիները տեսել Ռուսաստանի հետ համագործակցությունից» և ի՞նչ է տեղի ունեցել ԵՄ երկրների քաղաքացիների հետ «էներգետիկ փորձարկումներից» հետո։ Նա նշել է, որ նրանց վճարները «մի քանի անգամ» բարձրացել են։
Բելգիայում դեկտեմբերի 2-ին ստորագրվել էր «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը:
Կարդացեք նաև՝
Միրզոյանը հայտնել է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման «աննախադեպ տեմպերի» մասին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







