Երբեք չեմ վախեցնել նրանից, որ կարող եմ մնալ միայնակ, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքական գործունեության մեջ ես երբեք չեմ վախեցել միայնակ մնալ։ Իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել են պահեր, երբ ինձ կոնկրետ հարցրել եմ՝ «իսկ ովքե՞ր են այս պահին իմ քաղաքական համախոհները»։ Այս հարցին ունեցել եմ մի պատասխան՝ իմ ընտանիքը, որի մեծամասնությունը նախկինում անչափահասներ էին, որոնք այդքան էլ գլխի չէին ընկնում, թե ինչի մասին է խոսքը», — ասել է վարչապետ Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ գուցե դա վատ է, բայց երբ հարցն ունի սկզբունքային, գաղափարական նշանակություն, ինքը շարունակում է չվախենալ մենակ մնալ, քանի որ դրա այլընտրանքը հարմարվողականությունն է։ «Դա ճիշտ մոտեցում է, հակառակը հարմարվողականությունն է, որ անընդհատ հարմարվես ինչ-որ հարցերի, շահերի և այդպես տեղավորվես կոմֆորտ իրավիճակում», — հավելել է նա։
Փաշինյանը ներկայացրել է իր քաղաքական գործունեության այն շրջանները, որոնց ժամանակ սկզբունքային հարց է եղել տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցությունը կամ դրանից հրաժարվելը։ Նա, մասնավորապես, անդրադարձել է ՀԱԿ-ի հետ անհամաձայնություններին, այսպես կոչված, «Քառյակով» հանդես գալու վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է 2018-ի «Թավշյա հեղափոխության» մեկնարկին ԼՀԿ-հետ սկզբունքային անհամաձայնություններին։
Վարչապետը նշել է, որ իր լրագրողական գործունեությունը հենց սկզբից իր մեջ ունեցել է շատ կարևոր գաղափարախոսական և քաղաքական կոմպոնենտ: «Ես այն ընկալել եմ որպես քաղաքական գործունեության մաս: Հնարավոր է, որ շատ լրագրողներ ինձ որպես 100 տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել: Դրանում միգուցե ունեցել են իրենց հիմնավորումները։ Իսկ հիմա ԶԼՄ-ների հետ շփվում եմ արդեն որպես երկրի ղեկավար, ինչն ունի իր բարդություններն ու նրբությունները: Գուցե դա վատ է, ես չգիտեմ»,-ասել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






