Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Նախարար Մնացականյանն իր զրուցակցին շնորհավորել է Ռամադանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ ԱՄԷ բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Ալ Նահայանին հանգամանալից քննարկում են ունեցել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ ազգային և միջազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ:
Ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը և ծրագրերը՝ ԱԳ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄԷ կառավարությանը՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրադրությունում Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ավանդական բարեկամության հիմքի վրա կառուցված հարաբերությունների, քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության տեսանելի դինամիկայի կապակցությամբ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու երկկողմ օրակարգի հետագա խորացմանը և հարստացմանն ուղղված քայլերը:
Առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում առանձնահատուկ կարևորելով բարձր տեխնոլոգիաների և նորարարության, գյուղատնտեսական և զբոսաշրջության ոլորտները՝ նախարարները մտքեր են փոխանակել նաև այդ առնչությամբ տարածաշրջանային և ինտեգրացիոն շրջանակների ներուժի օգտագործման հեռանկարների շուրջ:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Ալ Նահայանին անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, փոխադարձ հետաքրքրություն և միմյանց համար կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերին:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային մի շարք օրակարգային հարցերի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






