ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զգուշացրել էր 2020 թվականին Արցախի վրա Ադրբեջանի կողմից սպասվող հարձակման մասին, գրել է «Փաստ» թերթը՝ հղում անելով նախկին նախարարին։
Ըստ թերթի՝ Կարապետյանի նախազգուշացումն ուղարկվել էր WhatsApp-ի միջոցով։ Նա պահպանել է նամակագրության ձայնագրություններն ու լուսապատճենները, որոնք, ըստ թերթի, նախկին նախարարը խոստացել է շուտով հրապարակել։
«2020թ. օգոստոսի 14-ին WhatsApp-ով Փաշինյանին տեղեկացրել եմ, որ լինելու է պատերազմ: Հետո դա ասել եմ ևս մի քանի անգամ տարբեր խոսակցությունների ժամանակ: Թե՛ ձայնագրությունն ունեմ, թե՛ գրագրության «սքրին շոթերը»: Շուտով դրանք կսկսենք տարածել»»,- մեջբերել է լրատվականը Կարապետյանի խոսքերը։
Նախկին նախարարը պնդել է, որ ունի փաստաթղթեր և զեկույցներ, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակցի 1999 թվականի զեկույցը Փաշինյանի և իր ղեկավարի համագործակցության մասին, և խոստացել է այդ նյութերից շատերը հանրայնացնել։
Կարապետյանը 2021 թվականի օգոստոսից նոյեմբեր զբաղեցրել էր Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Նախկինում զբաղեցրել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի, վարչապետի խորհրդականի, Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի և Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները։





































