Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի Օրբելի վերլուծական կենտրոնի նոյեմբերի 4-6-ը կայացած «Օրբելի ֆորում 2025»-ին մասնակցել են ոչ միայն թուրք և ադրբեջանցի լրագրողներ՝ Azertac լրատվամիջոցից, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ հրավերն ուղարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ենթակայությամբ գործող տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնը, իսկ Հայաստանում նրանց կեցության ծախսերը հոգացել է հրավիրող կողմը՝ ՀՀ կառավարությունը։
«Մարիոթ» հյուրանոցում, որտեղ նրանք կայանել են, նրանց անվտանգությունը խստորեն պահպանվել է, մինչև ժամանելը տարածքը «սանրել են», իսկ սենյակի դռան մոտ մշտապես անվտանգության աշխատակիցներ են կանգնել, պատմել է թերթը։
«Օրբելի ֆորումի»՝ ադրբեջանցի լրագրողների հետ կապի պատասխանատու Դավիթ Սարգսյանը թերթին հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ժամանել է 4 ադրբեջանցի` 2 լրագրող և 2 բանախոս։ Լրատվականը տեղեկացրել է, որ «Մարիոթ»-ում մեկ անձի կեցության 1 օրվա արժեքը 100-150 հազար դրամի սահմանում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի փորձագետ Ռուսիֆ Հուսեյնովը, որը Երևանում մասնակցում էր «Օրբելի ֆորում 2025. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովին, մեկնաբանել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:
Նոյեմբերի 3-ին Ալիևը հայտարարել էր, որ հայ ժողովուրդն ու պետությունը չպետք է վախենան ադրբեջանցիների՝ «ներկայիս Հայաստան» տեղափոխվելուց: Նա նշել էր, որ «քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գյոյչա, և իրենք պետք է վերադառնան իրենց պատմական հողեր»։




































