Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գնահատել է Թուրքիայի գործողությունները և հայտարարել, որ Անկարան ընտրել է քաղաքական մոդել, որի դեպքում մի կողմից խուսափում է այնպիսի քայլերից, որոնք կարող են իրական օգուտ բերել Հայաստանին, իսկ մյուս կողմից իրականացնել որոշ գործողություններ, որոնք կնպաստեն Հայաստանի իշխանությունների վերարտադրությանը 2026թ․ ընտրություններում։
Նրա խոսքով՝ գործնականում դա ունի հետևյալ տեսքը․ ստեղծել պատրանք կամ ձևավորել կարծիք, թե Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը գրեթե ավարտված գործընթաց է, և Հայաստանն առաջիկայում ապաշրջափակվելու է, սակայն միաժամանակ՝ զերծ մնալ այնպիսի կոնկրետ քայլերից, որոնք կարող են իրական օգուտ բերել Հայաստանի ազգային շահերին։
Քաղաքագետը շեշտել է, որ դրանով հստակ տարանջատված են Հայաստանի Հանրապետության և Հայաստանի իշխանությունների շահերը։
«Հետևաբար, մինչև հունիս Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կիրականացնի մի շարք քայլեր, որոնք Հայաստանի իշխանությունները կներկայացնեն որպես կարևոր ձեռքբերումներ, սակայն դրանք իրականում կլինեն իմիտացիոն կամ PR բնույթի։ Օրինակ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կամ սահմանների բացման մասին որոշ փաստաթղթերի նախաստորագրում, երրորդ երկրների քաղաքացիների կամ բեռների համար սահմանային որոշ արգելքների մեղմացում, ևս մեկ ավիաընկերության մուտք հայկական ավիացիոն շուկա, ժամանակակից Թուրքիայի որոշ քաղաքներում հայկական եկեղեցիների վերականգնում և այլն»,- գրել է Սարգսյանը։
Սարսգյանն ընդգծել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում, ինչը նշանակում է, որ իրական առաջընթաց կարող է լինել միայն Հայաստանում սպասվող ընտրություններից և հանրաքվեից հետո։ Նա նաև նշել է, որ ընտրություններից հետո իշխանության բարձր լեգիտիմությունը Թուրքիայի համար չափազանց կարևոր է՝ օրակարգն առաջ մղելու տեսանկյունից։
Նման աջակցությունը, ըստ Սարգսյանի, Հայաստանի իշխանություններին փաստացի դնում է կախվածության մեջ Թուրքիայից, ինչը ևս, դատելով քայլերից, հաշվարկված ռազմավարության մաս է։
Հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը միայն ժամանակի հարց են։ Նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան Բաքվի հետ միաժամանակ շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։




































