«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իշխանություններն «այսքան ժամանակ դեռ միայն կռվում են Սամվել Կարապետյանի նկարի հետ»։ Այս մասին նա գրել է Facebook-ում՝ մեկնաբանելով Վաղարշապատում կայացած ընտրություններից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները, թե իրենք «հաղթել են նաև Կարապետյանի ուժին»։
«Մեր ձևով» շարժման համակարգողը հիշեցրել է, որ Կարապետյանը, «ունենալով կալանքի չգնալու բոլոր հնարավորությունները», ներկայացել է իրավապահներին, քանի որ տղամարդ է։
«Ձեր պես չգնաց Ավանի շենքերի չուլաններում 1 տարի 4 ամիս պախկված մնաց»,- հավելել է Կարապետյանը։
Կարապետյանը նոյեմբերի 17-ին, մեկնաբանելով Վաղարշապատի ավագանու ընտրությունների արդյունքները, նշել էր, որ Հայաստանում իշխանության և ընդդիմության ներկայիս մոդելը չի կարող հանգեցնել փոփոխությունների, երկիրը նոր ուժի կարիք ունի։
Վաղարշապատում նոյեմբերի 16-ին անցկացվել էին ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր ընտրությունների նախնական արդյունքները, որոնցով ՔՊ-ն հաղթել էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



