Ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության Վաղարշապատի ավագանու անդամի թեկնածու Հարություն Խաչիկյանը հայտնել է, որ իր բնակության հասցեում (Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոց, տուն 65Ա) ընտրողների ցուցակներում գրանցված է ինը «հավելյալ անձ»։ Խաչիկյանը պնդում է, որ նրանք որևէ կապ չունեն այդ հասցեի հետ։
«Նրանք որևէ կապ չունեն տվյալ հասցեի հետ և, թերևս, եկել ու մեր տանն են հաշվառվել ժողովրդավարության բաստիոնից»,- գրել է նա։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն արձագանքել է Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր թեկնածուի հայտարարությանն իր հասցեում լրացուցիչ ընտրողների գրանցման վերաբերյալ։ Ըստ ՆԳՆ-ի՝ տվյալ հասցեում ներկայումս հաշվառված է 22 անձ, որոնցից փաստացի հիմունքներով հաշվառված են միայն 2-ը։ Մնացած 20 անձի հաշվառումը կատարվել է պատշաճ վարչարարության հիման վրա՝ օրենքով սահմանված կարգով։
Գերատեսչությունից հավելել են, որ տվյալ հասցեում հաշվառումը կատարվել է 2021 թվականին, այսինքն՝ առաջիկա ընտրությունների ընտրացուցակների հրապարակումից շուրջ չորս տարի առաջ։ Նշվածը, ըստ ՆԳՆ-ի, փաստում է, որ ընտրացուցակ կեղծելու կամ տվյալ հասցեում ընտրող ավելացնելու վերաբերյալ տարածվող հայտարարությունները որևէ փաստական հիմք չունեն։
Վաղարշապատի ավագանու ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։ Մասնակցելու են ութ քաղաքական ուժեր՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» դաշինքը (որը ներառում է «Առաջ» և ՀՅԴ կուսակցությունները), ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան», «Ժառանգություն», «Հանրապետություն» և «Համաժողովրդական ճակատ» կուսակցությունները։
Մայիսին Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնը մնում է թափուր։




































