«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում քննարկվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ազատման հարցը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ վարչության անդամները փորձել են հասկանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը նախարարի հեռացման վերաբերյալ, սակայն նա հստակ պատասխան չի տվել:
Խմբակցության պատգամավոր, ԿԳՄՀՍ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ առաջիկայում Անդրեասյանի փոխարեն ինքը կնշանակվի ԿԳՄՍ նախարարի պաշտոնում, նշել է թերթը։ Պատգամավորը, սակայն, թերթին հերքել է տեղեկությունը։
Ավելի վաղ թերթը գրել էր, որ ՔՊ խմբակցությունում և ՀՀ կառավարությունում դժգոհություն է հասունացել Անդրեասյանի դեմ՝ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ իրավական գործողություններից հետո։
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին համալսարանի ռեկտորը և պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, ինչպես նաև համալսարանի մի շարք աշխատակիցներ։
Դատարանը Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր տնային կալանք և 20 մլն դրամի գրավ։ Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կասեցրել էր ռեկտորի լիազորությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







