ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և ՀՀ կառավարությունում դժգոհություն է հասունացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ՝ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ իրավական գործողություններից հետո, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրանք, թերթի հաղորդմամբ, դժգոհ են այն փաստից, որ Գևորգյանը պատասխանատվության է ենթարկվել կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու համար, մինչդեռ Անդրեասյանը կարողացել է խուսափել որևէ իրավական հետևանքից, թեև համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններին տեղյակ է:
Իշխանության տարբեր մակարդակներում ձևավորվել է դիրքորոշում, որ Անդրեասյանի վարքագիծը պետք է քննվի ինչպես ՔՊ վարչությունում, այնպես էլ կուսակցության նախաձեռնող նիստերի ժամանակ, նշել է թերթը։
Լրատվականը տեղեկացրել է, որ իշխող խմբակցության նեղ շրջապատում քննարկվել է խմբակցության պատգամավոր, Կրթության գիտության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին նախարար նշանակելու հնարավորությունը։
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին համալսարանի ռեկտորը և պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, ինչպես նաև համալսարանի մի շարք աշխատակիցներ։
Դատարանը Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր տնային կալանք և 20 մլն դրամի գրավ։ Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կասեցրել էր ռեկտորի լիազորությունները:






































