Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը որոշել է կասեցնել ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
«Սա ինձ համար շատ ցավոտ հարց է և, առաջին հերթին, կուզեմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ մարմիններին։ Ինձ համար անբնական իրավիճակ է և ընկալելի չէ, որ խոսում, գործում ենք, մեր քայլերը պլանավորում ենք ինչ-որ մի տրամաբանության մեջ և այնպիսի բուհում, որտեղ կրթվում են մեր ապագա ուսուցիչները, տեղի են ունենում գործընթացներ, որոնք նկարագրված են տարածված հաղորդագրության մեջ»,- ասել է Անդրեասյանը։
Նախարարը հավելել է, որ առաջիկայում պետք է դիտարկեն, թե բուհի անձնակազմից ովքե՞ր էին տեղյակ սխեմաների մասին: Նա նաև հիշեցրել է որ իրավապահների մոտ կա խոստովանական ցուցմունք։
Հակակոռուպցիոն կոմիտեն հոկտեմբերի 17-ին հայտնել էր Մանկավարժական համալսարանի ռեկտորի և պրոռեկտորի ձերբակալության մասին՝ կաշառք ստանալու գործի շրջանակներում: Դատարանը որպես խափանման միջոց Գևորգյանի նկատմամբ տնային կալանք և 20 մլն դրամ գրավ էր կիրառել։
Մանրամասները՝ տեսանյութում։



































