ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հրապարակել ՌԴ նախագահին ուղղված ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, որը գրվել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Սարգսյանն այդ նամակում ռազմական աջակցություն էր ակնկալել ՌԴ-ից՝ նշելով, որ ՀՀ ռազմական բալանսը խախտված է։
Փաշինյանը հայտարարել էր, որ ի պատասխան 44-օրյա պատերազմի և 2019 թվականի բանակցությունների վերաբերյալ Սարգսյանի հայտարարությունների՝ նա կհրապարակի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ։
«Իմնեմիմի» փոդքասթում Սարգսյանն ասել էր, որ 2020 թվականի պատերազմն անխուսափելի էր, սակայն դրա արդյունքն անկանխատեսելի էր մինչև 2018 թվականը։ Նա պարտության համար նշել էր երեք պատճառ՝ բանակցություններից հրաժարվելը, նոր իշխանությունների գործողությունները, որոնք թույլ տվեցին Ադրբեջանին արդարացնել ուժի կիրառումը, և բանակի մարտունակության անկումը։




































