ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարաբերություններն ԱԺ քարտուղարության հետ լարված են 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցն առանց քննարկման ԱԺ արխիվ ուղարկելու պատճառով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։
Նոյեմբերի 12-ին բյուջետային քննարկումների ժամանակ պատգամավորն ուշացել էր իր ելույթի ժամից ու մեղադրել ԱԺ քարտուղարությանը, որ պատշաճ չեն ծանուցել։ Նիստն ստիպված ընդմիջվել էր, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ թերթի, հրապարակայնորեն նախատել էր Քոչարյանին ու բարկացած լքել դահլիճը։
Քոչարյանի նյարդային արձագանքների պատճառներից մեկն իր ապագայի հարցն է, տեղեկացրել է լրատվականը՝ հավելելով, որ «Քաղաքական թարմացման ալիքը» կարող է նրան այլևս թույլ չտալ վերադառնալ խորհրդարան 2026 թվականի ընտրությունների արդյունքներով։ Իշխանական պատգամավորին արդեն նախազգուշացրել են՝ խորհրդարանում նրա վերջին ամիսներն են, հավելել է թերթը։
Հանձնաժողովը, որը ղեկավարում էր Քոչարյանը, ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին, աշխատանքը երկարացվել էր երկու անգամ՝ 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին։ Հանձնաժողովի լիազորություններն ավարտվել էին 2023 թվականին։ 2024 թվականի սեպտեմբերին հանձնաժողովի նախագահը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ եզրակացությունը պատրաստ է։ Նա նշել էր, որ զեկույցում ներկայացված հայկական կողմի պարտության պատճառները տարասեռ են և բազմաշերտ: Հաշվետվությունն ԱԺ նախագահին ուղարկվել էր միայն մեկ տարի անց՝ 2025 թվականի սեպտեմբերին։
Հոկտեմբերի 1-ին ԱԺ նախագահը հայտարարել էր, որ զեկույցը լիագումար նիստերում ներառելու իրավական հիմքեր չկան, բայց այն հրապարակվելու է, ավելի ուշ տեղեկացրել էր, որ այն քննարկելու են փակ լսումներում։ Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշում է կայացվել։
Կարդացեք նաև՝
Ժամանակ չենք խախտել․ Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին
44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ չի գնա․ Ալեն Սիմոնյան






































