Ռուսական կողմը պատրաստ է քննարկել Երևանի մտահոգությունները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների հայտարարությունները հանրապետության դեմ մղվող «հիբրիդային պատերազմների» մասին։
Զախարովան նշել է, որ ռուսական կողմը մի շարք նմանատիպ հայտարարություններ է արձանագրել ինչպես փորձագետներից, այնպես էլ հայ պաշտոնյաներից, այդ թվում՝ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանից։ Զախարովայի խոսքով՝ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարություններն արվում են հանրապետությունում Ռուսաստանի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին՝ «կարծես հետևելով այն օրինաչափությանը, որը վերջին տարիներին փորձարկվել է այլ երկրներում, օրինակ՝ Մոլդովայում»։
«Պատրաստ ենք քննարկել մեր հայ գործընկերների հնարավոր մտահոգություններն ինչպես խորհրդարանական խողովակներով, այնպես էլ համապատասխան նախարարությունների միջև մեր առաջարկած խորհրդակցությունների շրջանակներում, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում՝ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ տեղեկատվական միջավայրը շտկելու նպատակով»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը «միշտ եղել և մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը» և «շտապում է օգնության հասնել եղբայրական ժողովրդին»։ Որպես օրինակ՝ Զախարովան նշել է, որ 2024 թվականի հունիսին ռուս մասնագետներն ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում վերականգնել էին ջրհեղեղից վնասված երկաթուղային գծերը Հայաստանի հյուսիսում, իսկ նոյեմբերին արագ կազմակերպվել էր ցորենի մատակարարումը Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանով և Վրաստանով անցնող նորաբաց երկաթուղային ճանապարհով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







