«Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում 6 ամիս առաջ լուծարված կառույցի փոխարեն կբացի նորը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Կառույցի նախկին ղեկավար, ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանը թերթին հայտնել է, որ տեղական կառույցի լուծարման դիմումն ինքն անձամբ է ներկայացրել կուսակցության վարչություն այս տարվա մայիսին, սակայն պատճառները չի մանրամասնել։
Իրականում՝ Սարուխանյանը սեփական կամքով լուծարման դիմում չի ներկայացրել, նրան պարտադրել են անել Գյումրու ՏԻՄ ընտրություններից, ՔՊ-ի պարտությունից և Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալուց հետո, նշել է լրատվականը։
Նոր կառույցն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի գործող մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Ընդդիմությունը Ղուկասյանի նկատմամբ գործողությունները կապում է Միութենական պետությանը սատարող Ղուկասյանի վերաբերյալ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության հետ։ Փաշինյանը նշել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»։
Կարդացեք նաև՝
Թյուրիմացությունը կշտկվի․ Փաշինյանը՝ Ղուկասյանի և Միութենական պետության նրա հայտարարության մասին
Չեմ իջնի իրենց մակարդակին․ Ղուկասյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին






































