34-ամյա դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանին հաղթել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում և կդառնա ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքի առաջին մուսուլման քաղաքապետը, հաղորդել է BBC-ն:
Մամդանին հաղթանակ է տարել՝ խոստանալով հարկեր սահմանել միլիոնատերերի վրա՝ սոցիալական ծրագրերի ընդլայնման ֆինանսավորման համար։
«Քաղաքական մթության այս պահին Նյու Յորքը կլինի լույսը»,- հայտարարել է Մամդանին իր ելույթում, որտեղ ներկայացրել է իր քաղաքականությունը և քննադատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Թրամփն սպառնացել էր դադարեցնել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե Մամդանին հաղթի անկախ թեկնածու Էնդրյու Կուոմոյին և հանրապետական Քերթիս Սլիվային։
Միաժամանակ, ըստ հարցումների կանխատեսվում է, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածուները կհաղթեն նահանգապետի ընտրություններում Վիրջինիայում և Նյու Ջերսիում։
Նույն օրը Կալիֆոռնիայի բնակիչները քվեարկել են նահանգի կոնգրեսական ընտրատարածքները վերաձևելու օգտին՝ նախընտրական փուլում առավելություն տալով Դեմոկրատական կուսակցությանը։






































